
Դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը: Քննությունն անցկացվել է ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»:
Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն հանձնելու համար նախապես հայտ է ներկայացրել հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանի 3893 աշակերտ: Ըստ քննական ժամանակացույցի՝ «Մաթեմատիկա» (գրավոր) ավարտական քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:
«Հայոց պատմություն» (գրավոր) քննությունը՝ դեկտեմբերի 29-ին: Հիշյալ առարկաներից քննություն հանձնելու նպատակով հայտ են ներկայացրել համապատասխանաբար 5904 և 8556 աշակերտներ, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:
Այն աշակերտները, ովքեր չեն հայտագրվել և այս փուլում քննություններ չեն հանձնել, համաձայն «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ հունիսին հնարավություն կունենան նշված առարկաներից հանձնել միասնական կամ ավարտական քննություն՝ ըստ իրենց նախապես լրացված հայտի: