Իսրայելը ժամանակավորապես սահմանափակում է աշխատանքային կապերն այն երկրների հետ, որոնք դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ում հավանություն են տվել 2334 բանաձևին, որը դատապարտում է հրեական ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում: Այդ մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ժամանակավորապես կսահմանափակենք մեր աշխատանքն այն երկրների դեսպանատների հետ, որոնք Իսրայելի դեմ են քվեարկել և կսահմանափակենք բարձր մակարդակի այցերն Իսրայել ու Իսրայելից այդ երկրներ»,-ասել է նա:
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց:
Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից:
Իսրայելն արդեն հետ է կանչել դեսպաններին Սենեգալից և Նոր Զելանդիայից, ինչպես նաև չեղարկել է Սենեգալի ԱԳ նախարարի այցը և դադարեցրել է օգնության ծրագրերն այդ երկրին: Մալայզիայի և Վենեսուելայի հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի:
Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ: