18 հուլիսի 2007 - 16:24 AMT
Մասիս Մաիլյան. Կոսովոյի մոդելը շատ հետաքրքրական է Ղարաբաղի համար
Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումը կարող է նոր խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության պահանջ ներկայացնելու համար: Այդ մասին «Ռոյթեր» գործակալությանն է հայտարարել ԼՂՀ նախկին արտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի նախագահության թեկնածու Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի կարգավորման մոդելը կարող է օրինակ ծառայել մյուս հակամարտությունների լուծման համար: «Եթե ճանաչվի Կոսովոյի անկախությունը, դա հետաքրքիր կլինի այն տեսակետից, որ չճանաչված երկիրն անկախության հասնի, անկախ նախկին ղեկավարության կարծիքից: Այդ իմաստով Կոսովոյի մոդելը շատ հետաքրքրական է մեզ համար: Այսինքն մենք կարող ենք հասնել ճանաչման նոր սցենարով»,-ընդգծել է Մաիլյանը»:
Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կշարունակի աջակցել բանակցային գործընթացին Ադրբեջանի հետ այն հույսով, որ գործընթացը կարող է բերել ԼՂՀ միջազգային ճանաչմանը: «Խաղաղ բանակցություններն ընթանում են արդեն 15 տարի, սակայն էական հաջողություններ չեն գրանցվել: Կոսովոյի անկախության ճանաչումը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղին լոբբինգի ենթարկել օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին անկախություն տրամադրելու նպատակով` Ադրբեջանի համաձայնությամբ կամ առանց դրա»,-ասել է Մասիս Մաիլյանը: