19 հուլիսի 2007 - 15:00 AMT
ԱՄՆ թուրքական լոբբիի Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված հերթական փորձն անհաջողության մատնվեց
Հուլիսի 18-ին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնը, Վաշինգտոնում թուրքական լոբբիի առաջատարներից մեկը, Կապիտոլիումի վեբ-կայքում 8-րոպեանոց տեսահոլովակ էր զետեղել, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), տեսաֆիլմի ցուցադրումն ուղղված էր ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի ընդունման արգելափակմանը: 12 ժամվա ընթացքում ANCA-ն հանդես եկավ հերքումով, որը տարածվեց ԱՄՆ Կոնգրեսում եւ Վաշինգտոնի պաշտոնական կառույցներում: Ի պատասխան Լիվինգսթոնի «նախաձեռնության», 106-րդ բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆը, Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել Կոնգրես, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Վերջին յոթ տարվա ընթացքում Բ.Լիվինգսթոնը Թուրքիայի, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում աշխարհին հայտնի ճշմարտության` Հայոց ցեղասպանության ուրացման վրա, բարձր վարձատրվող լոբբիստն է եղել: Փաստացի վկայությունները Ցեղասպանության մասին ծավալուն են եւ այդ փաստերի ժխտմանն ուղղված ոչ մի ջանք ի զորու չէ փոխել պատմությունը»: Ուղերձի հեղինակները համոզում են Ներկայացուցիչների պալատի անդամներին միանալ ավելի քան 220 իրենց գործընկերներին, որոնք սատարում են 106-րդ բանաձեւին: