20 հուլիսի 2007 - 17:46 AMT
ԵՄ-ն մտադիր է աջակցել ժողովուրդների միջեւ վստահության հաստատման ղարաբաղյան գործընթացին
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Ադրբեջան-ԵՄ համագործակցության գործողությունների ծրագրի իրագործման հարցերը եւ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պ. Սեմնեբին բանակցությունների արդյունքների հիման վրա:

Նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը հակամարտության կողմերի միջեւ վստահության վերականգնմանն աջակցող միջոցների կազմակերպմամբ, եւ այդ հարցը դարձել է քննարկման առարկա Է. Մամեդյարովի հետ հանդիպմանը:

«Շատ բան կարելի է անել այդ ուղղությամբ»,- ասել է Պ. Սեմնեբին: Նա նշել է, որ փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերը նախատեսված են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ԵՄ գործողությունների ծրագրով:

«Շատ հուսադրող է ադրբեջանական եւ հայ մտավորականության այցերը Լեռնային Ղարաբաղ: Դա մեծ քայլ է դեպի խաղաղություն, եւ հուսով եմ, որ նմատաիպ այլ օրինակներ եւս կլինեն»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը, հայտնում է Day.az-ը: