23 հուլիսի 2007 - 16:57 AMT
Ընտրություններում գրանցված հաջողությունը հիանալի հիմք է ԼՂՀ միջազգային ճանաչման համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սահակյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող ընտրություններում արձանագրված մեծ հաջողությունը հիանալի հիմք է թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա ամրապնդման, Արցախի հերոսական ժողովրդի բարեկեցության ապահովման եւ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար: Համոզված եմ, որ Ձեր փորձառությունն ու նվիրումը հետագա հաջողությունների եւ Արցախի հետեւողական ու նպատակասլաց ընթացքի շարունակականության ապահովման երաշխիքներն են:

Հավաստում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի լիակատար աջակցությունը Ձեզ` բարձր ու չափազանց պատասխանատու պաշտոնում, եւ մաղթում եմ հաջողություններ ի նպաստ մեր ժողովրդի եւ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության»: