13 հունվարի 2017 - 15:53 AMT
ՄԱԿ. Մոսուլում ռազմական գործողության ժամանակ վիրավորվածների կեսը խաղաղ բնակիչներ են

Մոսուլում ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական գործողության ժամանակ վիրավորվածների կեսը խաղաղ բնակիչներ են: Այդ մասին լրագրողներին է հայտնել Իրաքում ՄԱԿ հումանիտար գծով համակարգող Լիզ Գրանդեն:

Ըստ նրա, հրազենային վիրավորում ստացածների 47%-ը քաղաքացիական անձ է, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սովորաբար նման դիմակայության դեպքում խաղաղ բնակիչների թվում վիրավորների քանակը 15-20 տոկոս է լինում: Մոսուլում մենք տեսնում ենք, որ այդ ցուցանիշը 50% է կազմում»,-ասել է նա:

Ըստ ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության, միայն 2017-ի հունվարի առաջին շաբաթվա մեջ Էրբիլի և Դահուկի հոսպիտալներ է տեղափոխվել 683 մարդ:

Գրանդեն նշել է, որ Մոսուլի բնակիչները մեծ վտանգի են ենթարկվում, չնայած, որ Իրաքի ԶՈւ-ն միջոցներ է ձեռնարկում նվազագույնի հասցնելու համար զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում: Ըստ նրա, ուժայիններն ավիահարվածներ չեն հասցնում բնակելի տներին, միջանցքներ են կազմակերպվում քաղաքից հեռացողների համար:

Ըստ ՄԱԿ-ի, Մոսուլի խաղաղ բնակիչների մահվան հիմնական պատասխանատվությունը կրում են ԻՊ գրոհայինները:

Ըստ ՄԱԿ տվյալների, արևմտայն հատվածում, որը ԻՊ տիրապետության տակլ է, մոտ 750.000 բնակիչ կա: Եվս 450.000 մարդ կա քաղաքի արևելյան մասում:

Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: