Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը:
Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները:
Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես նաև ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրակավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին:
Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ձեռքբերումներ, մասնավորապես, դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մեխանիզմի ներդրում, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչների սահմանում և այլն:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված ծավալուն աշխատանքներն ու արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարները:
Նա կրկին շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցության համար և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն արդյունավետ շարունակելու նպատակով:
2015-ի մարտի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը:
«Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: