26 հուլիսի 2007 - 18:53 AMT
Հայստանը մասնակցելու է «Medceur-2007» զորավարժություններին Մոլդովայում
Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Մոլդովայի Հանրապետության «Բուլբոակա» ռազմական ուսումնական կենտրոնում կանցկացվեն «Medceur-2007» (Բժիշկ-2007) բազմազգ բժշկական զորավարժություններ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցող 13 պետությունների ռազմաբժշկական ծառայությունների 60 մասնագետներ. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բելոռուսիա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մակեդոնիա, Սերբիա, Ուկրաինա, Խորվաթիա, Մոլդովա եւ ԱՄՆ: Զորավարժությունների հիմնական նպատակն է ռազմաբժշկական ծառայությունների համագործակցությունը հնարավոր զինված ընդհարումների ժամանակ:

Մոլդովայում Հայաստանի զինված ուժերը կներկայացնեն ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության եւ Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի թվով 14 մասնագետներ` սպաներ, դասախոսներ, կուրսանտներ: