31 հուլիսի 2007 - 15:57 AMT
Թուրքիան եւ ԱՄՆ-ն գաղտնի ծրագիր են մշակում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները գաղտնիության մթնոլորտում Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ գաղտնի ռազմական գործողության ծրագիր են մշակում քուրդ անջատողականների շարժումը ճնշելու եւ նրանց առաջնորդներին գերելու նպատակով: Այդ մասին գրում է «Վաշինգտոն փոսթ» թերթը:
«Անցած շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրիկ Էդելմանն այդ թեմայի շուրջ ճեպազրույց է կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամների համար, որոնք ըստ օրենքի վարչակազմի ներկայացուցիչները պետք է տեղեկացնեն: Էդելմանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը կօգնեն թուրքական զինված ուժերին չեզոքացնել անջատողական Քրդական աշխատավորական կուսակցության վերնախավը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում հատուկ գործողության անցկացումը քրդերի դեմ կարելի է գաղտնի պահել եւ նույնիսկ ժխտել,-գրում է թերթը:
Թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել հարակից տարածքում հատուկ գործողություն անցկացնելու պատրաստակամության մասին, եթե Իրաքի կառավարությունը եւ ԱՄՆ-ի զինված ուժերը արդյունավետ միջոցներ չընդունեն երկրի հյուսիսում PKK գրոհայինների դեմ: Ընդ որում պաշտոնական Անկարան հայտարարում է, որ չի հավակնում օտար տարածքների: