23 հունվարի 2017 - 12:58 AMT
Կոլումբիայում ապստամբների գերությունից ծնունդով հայաստանցու են ազատել

Կոլումբիայում ապստամբների Ազգային ազատագրական բանակի (ԱԱԲ) գերությունից ազատվել է Հայաստանում ծնված Արսեն Ոսկանյանը: Գործողությունն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը կոլումբիական Tiempo-ի վրա հղումով:

«ԿԽՄԿ-ն ազատել է ԱԱԲ գերության մեջ գտնվող օտարերկրացուն: Ապստամբները փոխանցել են նրան Չոկո դեպարտամենտի գյուղական վայրում»,-հայտնում է պարբերականը:

Ըստ Tiempo-ի, «չնայած, որ ԿԽՄԿ-ն ոչինչ չի հայտնել պատանդառությունից ազատվածի անձի մասին, հայտնի է, որ 2016-ի նոյեմբերին երկրի զինված ուժերը գաղտնալսել էին ապստամբների ռադիոբանակցությունները, որտեղ հիշատակվում էր առևանգված 42-ամյա Հայկական ԽՍՀ-ում ծնված քաղաքացին»: «Այն ժամանակ հայտնի էր, որ վերջինս Կոլումբիայում է հայտնվել թունավոր գորտեր Հայաստան արտահանելու նպատակով»,-գրել է թերթը:

2016-ի նոյեմբերին Tiempo-ն հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ «ԱԱԲ ապստամբների կողմից առևանգված օտարերկրացի Արսեն Ոսկանյանը, ըստ իշխանությունների վարկածի, հավանաբար, ցանկացել է ապօրինաբար թունավոր գորտեր արտահանել, որոնք էնդեմիկ տեսակ են և բնակվում են միայն Չոկո դեպարտամենտում:

Մաքսանենգներն այդ տեսակի մի գորտի վաճառքից €1500 են ստանում և մեկ ուղևորության ընթացքում կարող են մինչև 100 գորտ արտահանել»: Հոդվածում նաև ասվում էր, որ «Ոսկանյանը ծնունդով Հայաստանից է, սակայն Կոլումբիա է մուտք գործել ՌԴ անձնագրով»:

Հայաստանցին ազատ է արձակվել կառավարության և ապստամբների միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածության հաստատումից մի քանի օր անց:

Կոլումբիայում չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն: