25 հունվարի 2017 - 10:07 AMT
Լավրովն ու Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Մոսկվայում հունվարի 24-ին կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ընդգրկելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը՝ նշելով, որ «ներկայիս ստատուս քվոն պետք է փոխվի»:

ԼՂՀ անկախության առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարություն էր արել, թե «ԼՂ-ն երբեք անկախություն չի ստանա», ինչին պատասխանել էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհուրդ տալով հաշտվել ԼՂՀ ճանաչման հեռանկարի հետ և ծանոթանալ ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել էր, թե «երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որևէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»: