30 հունվարի 2017 - 17:55 AMT
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ՌԴ հետ նոր «սառը պատերազմ» չի ուզում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ առճակատման չի ձգտում և նոր «սառը պատերազմ» չի ուզում: Այդ մասին նա ասել է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Gazeta.ru-ն:

«Մենք առճակատման չենք ձգտում ՌԴ հետ, մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում` ուստի մենք զուգորդում ենք ուժն ու կարծր մոտեցումը երկխոսության համար բաց ուղիներով»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն տեսնում է Ռուսաստանի «առավել համառ» և «զգալի ռազմական աճը», սակայն «անմիջական սպառնալիք չի տեսնում»:

«ՆԱՏՕ-ն արձագանքեց, ահա թե ինչու մենք առաջին անգամ զինվորականներ տեղակայեցինք դաշինքի արևելյան հատվածում»,-ասել է նա:

2017-ի հունվարի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 23-ին օրենք է ստորագրել երկրի պաշտպանական կարիքների համար հատկացումների մասին, որով նախատեսվում է սահմանափակել ռազմական գործակցությունը ՌԴ հետ: