3 սեպտեմբերի 2007 - 13:20 AMT
Լեռնային Ղարաբաղում նշեցին հանրապետության անկախության 16-ամյակը
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում եւ շրջաններում տեղի են ունեցել մի շարք տոնական միջոցառումներ, նվիրված հանրապետության հռչակման 16-ամյակին: ԼՂՀ իշխանությունների եւ հասարակության ներկայացուցիչներն այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, հարգելով Մեծ Հայրենական եւ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը: Հանրապետության մայրաքաղաքի փողոցներով քայլերթով անցան ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների շարասյուները: Հանդիսավոր հանգամանքներում տեղի ունեցավ ԼՂՀ խորհրդարանի նոր շենքի բացման արարողությունը: Միջոցառումներին մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին իշխանությունների եւ հանրության ներկայացուցիչներ, հյուրեր:

Ստեփանակերտում բացվեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկարիչների աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաեւ լուսանկարների ցուցահանդես, նվիրված Ղարաբաղյան պատերազմին:

Ստեփանակերտի կենտրոնական Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ: Տոնակատարություններն ավարտվեցին հրավառությամբ:

ԼՂՀ հռչակման 16-ամյակի կապակցությամբ բնակչության առանձին կատեգորիաներ, մասնավորապես, ՄՀՊ մասնակիցները, Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքները եւ հաշմանդամները ստացան միանվագ դրամական օգնություն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ 16 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային Խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտման հիման վրա ընդունեց Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում:

Ի պատասխան ադրբեջանական կողմն առաջին անգամ հրթիռակոծեց Ստեփանակերտը «Ալազան» համակարգից, ինչը հետագայում կանոնավոր բնույթ սկսեց կրել: Այդպիսով, Բաքվի պատճառով Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը քաղաքական հարթությունից տեղափոխվեց զինված դիմակայության հարթություն: