Սիրիայի սահմանադրության նախագիծը, որն առաջարկել է ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ, ենթադրում է առավելագույնը 19 տարվա նախագահություն Բաշար Ասադի համար:
Ըստ 49-րդ հոդվածի, նախագահն ընտրվում է Սիրիայի քաղաքացիների կողմից 7 տարի ժամկետով, նույն անձը չի կարող նախագահ լինել երկու անգամից ավելի:
82-րդ հոդվածում ասվում է, որ գործող նախագահի լիազորությունների ժամկետը սպառվում է նախագահի պաշտոնում վերջինիս երդմնակալությունից հաշված 7 տարի անց:
«Նա իրավունք ունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Լիազորությունների ժամկետի վերաբերյալ նորմերը կիրառվում են նրա հանդեպ հաջորդ նախագահական ընտրություններից սկսած»,-ասվում է ռուսական նախագծում, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմությունը հաշվի կառնի բոլոր օգտակար առաջարկները երկրի ապագա սահմանադրության վերաբերյալ, սակայն վերջնական տարբերակը կմշակվի` ելնելով Սիրիայի ժողովրդի շահերից: Այդ մասին հայտարարել է «Հանուն փոփոխությունների և ազատագրման ժողովրդական ճակատի» առաջնորդ, սիրիական ընդդիմության «մոսկովյան խմբի» ներկայացուցիչ Քադրի Ջամիլը:
Բաշար Ասադը նախագահ է հաստատվել 2000 և 2007թթ., իսկ 2014-ի հունիսի 3-ին նախագահ է վերընտրվել առաջին այլընտրանքային ընտրություններում` հավաքելով ձայների 88.7 %-ով: 2014-ի ընտրություններն անցել են քաղաքացիական պատերազմի պայմաններում և բոյկոտվել են ընդդիմության կողմից: