1 փետրվարի 2017 - 16:53 AMT
Հերքում. UTair-ի Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ որևէ միջադեպ չի եղել

UTair ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ որևէ միջադեպ չի եղել: Այդ մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` հերքելով ավելի վաղ տարածված լուրերը ինքնաթիռի անսարքության վերաբերյալ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ «Բոինգ-737» ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Երևան չվերթը, չի կարողացել օդ բարձրանալ` թռիչքին պատրաստվելիս օդաչուն զեկուցել է ինքնաթիռում կրիտիկական իրավիճակի մասին:

Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համպատասխանում իրականությանը, ասվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ UTair ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից:

Ըստ ՔԱԳՎ-ի, փետրվարի 1-ին UTair ավիաընկերության UT 873 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին և Երևան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ:

ԶԼՄ-ները հայտնել էին, որ թռիչքի չեղարկման պատճառ են դարձել կոտրված փականները ինքնաթիռի թևերի հետևի մասում, իսկ ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրվել:

Ընթերցեք նաև. Մոսկվա-Երևան ինքնաթիռը չի կարողացել թռչել Մոսկվայից անսարքության պատճառով