5 սեպտեմբերի 2007 - 16:23 AMT
Մեծ Բրիտանիան հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեվիդ Միլիբանդը հայտարարել է թե աջակցում է որպես լիիրավ անդամ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: «Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը որպես լիիրավ անդամ եւ ունենա նույն այն իրավունքներն, ինչ այդ կազմակերպության մյուս անդամ երկրները: Նրա ինտեգրումը ԵՄ-ին էական ձեռքբերում կլինի Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի համար»,-Անկարայում այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք հուսով ենք, որ բանակցային գործընթացը կավարտվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությամբ»,-հավելել է Միլիբանդը:

«Մենք երախտապարտ ենք Մեծ Բրիտանիային Թուրքիայի հանդեպ վարած իրատեսական քաղաքականության, Եվրամիություն մուտք գործելուն սատարող քաղաքականության համար»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, որը միաժամանակ Անկարայի գլխավոր բանակցողն է Եվրամիության հետ: «Մենք կշարունակենք բարեփոխումների ակտիվ քաղաքականությունը, որ նախատեսված է եվրաինտեգրման գործընթացով»,-հավելել է Բաբաջանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: