2 փետրվարի 2017 - 13:48 AMT
Վարչապետ. Ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի որակի խնդիր ունենք

Որակյալ կրթական համակարգի ապահովման համար կմշակվի Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր: Փետրվարի 2-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերել է կրթական համակարգին:

«Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր ցավոք ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով:

Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էմեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

Վարչապետի՝ կրթության և գիտության նախարարությանն ուղղված նախորդ հանձնարարականը վերաբերում էր էլեկտրոնային կրթության մասայական կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցի և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմների մշակմանը:

2016-ի հոկտեմբերի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։