5 սեպտեմբերի 2007 - 19:25 AMT
Իրանական գազի մատակարարումը Հայաստան սկսվելու է սեպտեմբերի 22-ին
Սեպտեմբերի 22-ին Իրանն սկսելու է գազ մատակարարել Հայաստան Իրան-Հայաստան գազատարով: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային արտահանման գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Նասրուլա Սեյֆին: Նրա խոսքերով, ըստ հայկական կողմի հետ վերջին բանակցությունների, Հայաստանը պատրաստ է ընդունել իրանական գազը: Ի սկզբանե, ծրագրվում է Հայաստան մատակարարել տարեկան 400 միլիոն խորանարդ մետր գազ: Մատակարարվող գազի ծավալը կհասնի 3,2 միլիարդի, երբ ավարտվի 141 կիլոմետրանոց գազատարի կառուցումը, հաղորդում է MehrNews-ը:
Իրան-Հայաստան գազատարի առաջին, 40 կիլոմետրանոց հատվածը` Մեղրի-Քաջարան, շահագործման է հանձնվել 2007 թվականի մարտի 19-ին: Իրան-Հայաստան գազատարի կառուցման հիմնական աշխատանքները կավարտվեն ծրագրված ժամանակահատվածում` մինչեւ 2008 թվականի ավարտը: Իրան-Հայաստան գազատարի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է $220-250 միլիոն: