3 փետրվարի 2017 - 13:59 AMT
«Անթույլատրելի է». Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձմանն Ադրբեջանին

Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Ria.ru-ն:

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ երրորդ երկրներին ռուս քաղաքացիների արտահանձնումն անթույլատրելի է, և այդ հարցով մեր դիրքորոշումը հասցնելու նպատակով մենք ինտենսիվ կապ ենք պահպանում Բելառուսի արտգործնախարարության, այդ երկրի համապատասխան մարմինների հետ»,- ասել է նա փետրվարի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Հայտնի բլոգերը Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։

Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին՝ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա: Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն: Բլոգերը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: