ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանը թիվ 1 ահաբեկչական պետությունն է»: «Իրանը բոլորովին չի հարգում մեր երկիրը: Դա թիվ մեկ ահաբեկչական պետությունն է: Այդ երկիրը միջոցներն ուղղում է սպառազինության վրա»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահը խոստացել է գործել Թեհրանի հարցում պատժամիջոցների դիրքից: «Մենք արդեն սկսել ենք դա անել»,-ասել է նա, հայտնում է ՌԱԻ Նովոստին:
Թրամփը նշել է նաև, որ չի զգուշացնելու նախապես իր գործողությունների մասին: «Ես միշտ քննադատել եմ նախագահ Օբամային զորքերը Մոսուլ կամ մեկ այլ վայր տեղափոխելու մասին նախապես հայտնելու համար: Նրանք նշում էին օրն ու ժամը: Ես երբեք չեմ հավատեցել դրան»,-ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկն է:
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկման:Սահմանփակումները վերաբերում են այն անձանց, որոնք մասնակից են բալիստիկ հրթիռների ծրագրի մշակմանը կամ ինչ-որ աջակցություն են ցուցաբերում «Իսլամական հեղափոխության պաշտպանների» կորպուսին:
Չնայած, որ ԱՄՆ-ն պարտավորվել էր չեղարկել միջուկային ծրագրով Իրանի դեմ գործող պատժամիջոցները, Թեհրանի դեմ գործող մյուս պատժամիջոցները պահպանվում են: Իրանը հայտարարում է, որ դա խախտում է միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի էությունը: Վաշինգտոնը համամիտ չէ դրան: