ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին հրամանագիրը նախագահի իշխանության «օրինական իրացումն է»:
«ԱՄՆ օտարերկրացիների մուտքի և փախստականների համար մուտքի թույլտվության մասին հրամանագիրը նախագահի իշխանությունն իրացնելու օրինական իրավունքն է»,-կարծում է արդարադատության նախարարությունը` հավելելով, որ «շրջանային դատարանն է սխալ թույլ տվել` արգելելով օրենքի իրացումը»:
Փետրվարի 4-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կասեցրել է Թրամփի ներգաղթի մասին հրամանագրի գործողությունը` Սիեթլում դաշնային դատավորի կողմից դրա արգելափակումից հետո: Արդարադատության նախարարությունը բողոքարկել էր դատավորի որոշումը, ավելի ուշ ԱՄՆ 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանը մերժեց հարցումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:
Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ավելի քան 100.000 մուտքի արտոնագիր է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթին վերաբերող հրամանագրի ստորագրումից հետո: