10 սեպտեմբերի 2007 - 18:23 AMT
Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին իտալացի պատմաբանի գրքի շնորհանդեսը
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին Մոսկվայում Մ.Ռուդոմինոյի անվան օտար լեզվով գրականության համառուսաստանյան պետական գրադարանի Մեծ դահլիճում տեղի կունենա իտալացի հեղինակ Ջովաննի Գուայտայի «Շեյխ Ֆայեզ էլ-Հուսեյնը Հայոց ցեղասպանության մասին. Իսլամը անմասն է նրանց արարքներին» գրքի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, առաջին անգամ ռուսերեն լեզվով կներկայացվեն Թուրքիայում Հայոց ցեղասպանության ականատես` սիրիացի արաբ բեդվին Ֆայեզ էլ-Հուսեյնի վկայությունները: Իր հիշողությունները նա գրել է 1916 թվականին, երբ դեռեւս թարմ էին հիշողության մեջ տեսած ողբերգության մանրամասները: Որպես մահմեդական, էլ-Հուսեյնը ցանկացել է պաշտպանել իսլամը եւ ցույց տալ, որ կատարված հանցագործությունները հակասում են իսլամի հիմունքներին, որ կատարվածի համար պատասխանատվություն է կրում երիտթուրքերի կառավարությունը:

Գրքի հեղինակ իտալացի գրող եւ պատմաբան Ջովաննի Գուայտան նախաբան է գրել, ինչպես նաեւ զետղել է աղբյուրագիտական եւ տեքստաբանական բնույթի մանրամասն պատմագիտական մեկնաբանություններ: Շնորհանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների մասին ելույթներով հանդես կգան դիվանագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիական, վերլուծական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: