Ամերիկյան Apple ընկերությունը հոբելյանական 10-րդ տարում պատրաստվում է թողարկել հերթական՝ 8-րդ iPhone-ը,: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, այն կունենա «հեղափոխական» դիզայն ու համալրված կլինի մի շարք նորարարություններով: Բացի այդ, նշվում է, որ այն կլինի ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը, որի գինը կհասնի $1000-ի:
Engadget.com-ը գրում է, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ iPhone 8-ի (կամ՝ iPhone X-ի) աննախադեպ բարձր գինը պայմանավորված կլինի գերժամանակակից OLED էկրանի և եռաչափ սենսորային համակարգի ներդրմամբ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների (OLED-դիսփլեյը): Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Փաստացի, այդ գործառույթները կկատարի Touch ID-ին, որը տարբերակում է մատնահետքերը:
Բացի այդ, հեռախոսն անլար լիցքավորման հնարավորություն կունենա:
2017-ին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը, ուստի մեծ փոփոխություններ են ակնկալվում դիզայնում: Որպես առաջիկա նորություններից մեկը հիշատակվում է OLED-դիսփլեյը: