10 փետրվարի 2017 - 11:27 AMT
Մինսկ. Լապշինն ԱՊՀ երկրների միջև գործող միջպետական հետախուզման մեջ էր

Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալված և ավելի ուշ Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզման մեջ էր: Այդ մասին հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազությունը:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ հարցում էր ուղարկել Ինտերպոլ և պատասխան է ստացել, որ Լապշինը երբեք հետախուզման մեջ չի եղել այդ կազմակերպության գծով:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Լապշինը ձերբակալվել է Ինտերպոլի հարցման հիման վրա։

«Քաղաքացի Լապշինը միջպետական հետախուզման մեջ էր և ձերբակալվել է ըստ համաձայնագրի, որը գործում է ԱՊՀ անդամ պետությունների միջև»,-հայտարարել է Բելառուսի դատախազության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: