10 փետրվարի 2017 - 14:08 AMT
Գառնիում ճոպանուղի կկառուցվի

Բնապահպանության նախարարությունը նախատեսում է Գառնիում ճոպանուղի կառուցել: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իրենք մոտ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացնելու:

«Մենք մեր ներկա քաղաքականությունը որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման ուղությամբ»- ասել է Արծվիկ Մինասյանը:

Մանրամասնելով Գառնիի ճոպանուղու ծրագիրը, նախարարը նշել է, որ այն ներառում է Քարերի սիմֆոնիայի հուշարձանն ու Խոսրովի անտառ արգելոցը:

«Ուզում ենք իրականացնել ծրագիր, որն ուղիղ կապ կունենա նաև Խոսրովի անտառ արգելոցի հետ և հետաքրքիր շղթա կապահովի: Ընդհանուր նպատակն է ունենալ ճոպանուղի, որը կապահովի ելքը ձորի վրայից և այցելուներին կտանի Քարերի սիմֆոնիայի մոտ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նախնական գնահատմամբ ծրագիրը կարժենա մոտ 5 մլն դոլար:

Նա նշել է, որ այժմ աշխատում են նախագծումների վրա: Նախատեսվում է կառուցել նաև կամուրջ և զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոններ:

Բացի այդ, Մինասյանը տեղեկացրել է, որ Քարերի սիմֆոնիայում 2017-ին դրամաշնորհային ծրագրով իրականացվելու են քարտեզարգման, անվտանգության գոտու և անձնագրավորման աշխատանքներ: