
Դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ կապված որոշ օբյեկտիվ դժգոհություն կա հանրության շրջանում, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին: Գիտության և կրթության նախարարությունը նախատեսում է բեկումնային և արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը հրատարակչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Լևոն Մկրտչյանն ընդունել է «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես» և «Արևի»կ հրատարակչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր:
Նախարարը նշել է, որ հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը և համապատասխան լուծումեր գտնելու համար: Ըստ նախարարի` վարչապետի հանձնարարականով նախատեսվում է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով:
Լևոն Մկրտչյանի խոսքով` բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց այսօր, որպեսզի հաջորդ տարի արդեն դաշտը բարելավված լինի: Նախարարը նշել է, որ ներկայումս տարրական դասարանների և ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցով: Այդ համատեքստում Մկրտչյանն անդրադարձել է որոշ դասագրքերի բովանդակության, որակի, դրանք ավելի ընկալելի դարձնելու, ինչպես նաև որոշ տեխնիկական խնդիրների:
Ըստ նախարարի` քանի որ մեր երկրում բացակայում է դասագիրք գրելու մշակույթը, այդ պատճառով երբեմն հաշվի չեն առնվում երեխայի ծանրաբեռնածության աստիճանը, տարիքային առանձնահատկությունները և այլն: Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն, մասնավորապես, բնագիտական և պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ և հայերենի խրթին շարադրանք:
Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կինի նաև վերջիններիս ներկայացուցիչը: Խումբը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձևավորման վերաբերյալ հրատարակիչների ներկայացրած առաջարկությունները և դիտարկումները, ինչպես նաև այլ խնդիրներ` փորձագետների բազա ստեղծելու, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության հետ կապված, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ` հստակ ձևակերպելով օրակարգային խնդիրները: