13 սեպտեմբերի 2007 - 13:20 AMT
Fox News. ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ կարող է սկսվել ութ-տաս ամսից
ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ կարող է սկսվել ութ-տաս ամսից: Նման սենսացիոն հաղորդագրությամբ է հանդես եկել Fox News հեռուստաընկերությունը, հղում անելով ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմում եղած աղբյուրին: Ըստ հեռուստաալիքի վերլուծաբանների, մինչ այդ արդեն հայտնի կլինեն նախագահության թեկնածուների ներկուսակցական ընտրությունների արդյունքները, սակայն մինչ 2008 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրությունները դեռեւս բավական ժամանակ կա: Այնպես որ, ըստ այդ աղբյուրի, ներկայումս Ջորջ Բուշի շրջապատում քննարկվում են նման գործողության արժեքն ու առավելությունները:

Հիմնական տարբերակը ենթադրում է շուրջ մեկ շաբաթ տեւողությամբ ինտենսիվ ռմբակոծություններ, որից հետո հարված կհասցվի Իրանի միջուկային օբյեկտներին, որոնց գտնվելու վայրն արդեն հայտնի է: Փորձագետները, սակայն, ենթադրում են, որ նման դեպքում Իրանի միջուկային ծրագիրը միեւնույն է անդարձ չի կործանվի, կան նաեւ մտավախություններ, որ ի պատասխան Իրանը կարող է հարվածել Իսրայելին կամ նրա տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին: Եթե որոշվի, որ ռազմական գործողությունից պետք է հրաժարվել, հնարավոր է այլընտրանք` Իրանի տնտեսական շրջափակում, այսինքն բենզինի ներմուծման եւ նավթի արտահանման կասեցում (Իրանն արդեն այսօր բենզինի սուր պակասություն է զգում): Քննադատները, սակայն, գտնում են, որ շրջափակումը ավելի շատ կվնասի տեղի բնակչությանը, քան անմիջականորեն ռեժիմին, որի դեմ այն ուղղված կլինի: Հատկանշական է նաեւ այլ բան: Ինչպես նշում է հեռուստաալիքը, ենթադրյալ ռազմական գործողության քննարկումը սկսվեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվեց աջակցել Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից առաջարկած ցանկացած պատժամիջոցի: Գերմանիան վախենում է այն վնասից, որը պատժամիջոցները կարող են հասցնել նրա տնտեսությանը: Պարզ ասած, Իրանի դեմ «դիվանագիտական» հարձակումը տապալվում է, չհասնելով ճնշման այն մակարդակի, որն էական կլիներ Ահմադինեջադի ռեժիմի համար, եւ դա ստիպում է ԱՄՆ-ին առավել վճռական գործել:

Նոր «արտահոսքի» վերաբերյալ շահագրգիռ այլ պետությունները գերադասում են լռել, առավել եւս, որ խոսքը գնում է ոչ թե պաշտոնական փաստաթղթի, այլ արտահոսքի մասին, որին արձագանքելու կարիք էլ չկա: Ավելին, նույն եվրոպացի քաղաքական գործիչներին քիչ բան է խանգարում հետեւյալ խաղը խաղալ` թող ԱՄՆ-ն միայնակ հարցերը լուծի Իրանի հետ եւ իր վրա վերցնի ողջ «կեղտոտ աշխատանքը»: Եթե դա ստացվի, տնտեսապես կշահի Եվրոպան, չի ստացվի` Իրանի հետ սեփական հարաբերությունները չեն տուժի:

Հատկանշական է նաեւ հետեւյալը: Նոր «արտահոսքին» դեռեւս չեն արձագանքել նաեւ Իրանում: Սակայն, այնուամենայնիվ, դատելով վերջին հաղորդագրություններից, այստեղ գերադասել են ստանալ անվտանգության նոր երաշխիքներ: Մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությամբ, «ՀայՌուսգազարդը» ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը, ձեռք է բերել Իրան-Հայաստան գազամուղը: Իրանի համար ռուսական էներգետիկ շահերի ներառումը անվտանգության շատ ավելի էական երաշխիք է, քան կարող է թվալ առաջին հայացքից, գրում է Բաքվի «Էխո» թերթը: