
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղադրվում է հատուկ ձնապաշտպան ցանց, որը թույլ կտա հնարավորինս անցանելի պահել ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից։
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց, որ այս պահին պաշտպանիչ ցանցով է պատված ավտոճանապարհի միայն 300 մետրը, իսկ նախատեսված է ցանց տեղադրել 12 կիլոմետրի վրա՝ այն հատվածի, որն ամենախնդրահարույցն է:
«Ցանցով պաշտպանվելու է այն հատվածը, որը վատ եղանակային պայմաններում միշտ փակվում է: Հաշվարկված է, որ ցանցի տեղադրումից հետո այդ խնդիրներն այլևս չեն լինելու: Այժմ 300 մետր պաշտպանիչ ցանցի տեղադրումը փորձնական է արվել, այս ձմեռ դեռ կարող է մինչև 1.2 կմ-ը ցանցապատվել, իսկ 12 կմ-ի ցանցապատման համար դեռևս հստակ ժամկետներ չկան», - ասաց Սաղաթելյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախագիծն իրականացնում է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ գործակցությամբ: