14 սեպտեմբերի 2007 - 18:52 AMT
VivaCell-ը դարձավ ՄՏՍ-ի սեփականությունը
Ռուսական հեռահաղորդակցային «Բջջային հեռահամակարգեր» ԲԲԸ-ն ձեռք է բերել International Cell Holding Ltd կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորի` «Ղ-Տելեկոմ» ընկերության (VivaCell ապրանքանիշ) սեփականությունը, 310 մլն եվրոյով, ներառյալ 50 մլն եվրոն, որոնք վաճառողը կստանա 3 տարվա` 2008-2010 թթ., «Ղ-Տելեկոմի» հասույթի եւ եկամտաբերության հաստատված ցուցանիշների կատարման դեպքում: ՄՏՍ-ը 140 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի առկա պարատավորությունները մարելու եւ ներդրումային ծրագիրը ֆինանսավորելու հիման վրա:

ՄՏՍ-ի նախագահ Լեոնիդ Մելամեդի խոսքերով, այս ձեռքբերումը լիովին համապատասխանում է ՄՏՍ-ի ռազմավարությանը, որն ուղղված է ԱՊՀ արագ աճող շուկաների ներուժի օգտագործմանը: «Հայաստանը կդառնա վեցերորդ երկիրը, որտեղ աշխատում է ՄՏՍ-ը: Մեր գործընկերներին սեղմ ժամկետում հաջողվել է ստեղծել հզոր բիզնես եւ նախադրյալներ հետագա բարեհաջող աճի համար, եւ մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունն իրենց հետ»,-նշել է Մելամեդը:

Իր հերթին, «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունը, միավորվելով ՄՏՍ-ի հետ, նոր հնարարվորություններ է ստանում, որոնք թույլ կտան բաժանորդներին առաջարկել ավելի շատ ինովացիոն ծառայություններ եւ լուծումներ` իրենց ակնկալիքներին համապատասխան»:

Լիբանանյան ներդրումային խմբի, որին պատկանում է «Ղ-Տելեկոմը», ղեկավար Պյեռ Ֆատուշի խոսքերով, հեռահաղորդակցային բիզնեսը նոր խթան կստանա առաջատար բջջային օպերատորներից մեկի հետ գործընկերության շնորհիվ:

ՄՏՍ-ն աշխատում է Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Ուզբեկստանում եւ Թուրքմենիայում, որոնց տարածքում բնակվում է շուրջ 230 մլն մարդ: Ընկերությունն ունի 78, 54 մլն բաժանորդ: