20 փետրվարի 2017 - 14:24 AMT
Բեռլինալեի գլխավոր մրցանակը շնորհվել է հունգարական «Մարմնի և հոգու մասին» ֆիլմին

Բեռլինի 67-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արջին» է արժանացել հունգարական «Մարմնի և հոգու մասին» (On Body and Soul) ֆիլմը, ասվում է կինոփառատոնի պաշտոնական կայքում:

Ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի ֆիլմը, ինչպես ասվում է նկարագրության մեջ, պատմում է մի զույգի մասին, որը «բացահայտում է իր զգացմունքների և ֆիզիկական ցանկության աշխարհը, սկզբից առանձին-առանձին, հետո միասին»: Ֆիլմի գործողությունը կատարվում է Բուդապեշտի սպանդանոցում, որտեղ «մի գեղեցիկ սիրո պատմություն է ծավալվում»:

Գրան պրին շնորհվել է սենեգալցի ռեժիսոր Ալեն Գոմիսին «Ֆելիսիտե» ֆիլմի համար, որը երգչուհու մասին է` նա փորձում է օգնել իր ծանր հիվանդ որդուն:

«Արծաթե արջին» լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է Ակի Կաուրիսմյակին, որը ներկայացրել է «Հույսի մյուս կողմը» ֆիլմը սիրիացի փախստականի մասին:

Բեռլինալեի լավագույն դերասանուհի է ճանաչվել Կիմ Մին Հին Հարավային Կորեայից, որը նկարահանվել է Հոն Սան Սուի «Միայնակ գիշերային լողափում» ֆիլմում, որը աղջկա և ամուսնացած տղամարդու սիրավեպի մասին է:

Տղամարդու լավագույն դերակատրման համար «Արծաթե արջի» է արժանացել ավստրիացի դերասան Գեորգ Ֆրիդրիխը` գերմանացի ռեժիսոր Թոմաս Արսլանի «Լուսավոր գիշերներ» ֆիլմի համար: Ֆիլմը հոր և առանց նրա մեծացած որդու հարաբերությունների մասին է, հայտնում է Lenta.ru-ն:

Լավագույն սցենարի համար մրցանակի են արժանացել Սեբաստիան Լելիոն և Գոնսալո Մասան «Ֆանտաստիկ կինը» ֆիլմի համար: Կինոփառատոնի հիմնադիր Ալֆրեդ Բաուերի մրցանակին է արժանացել լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը «Հետքը» ֆիլմի համար:

Միջազգային ժյուրիի Գրան պրին շնորհվել է ուկրաինուհի Ելիզավետա Սմիթի և գերմանացի Գեորգ Ժենոյի «Դպորց համար 3» ֆիլմին Դոնբասի դպրոցականների մասին:

Բեռլինալեն անցկացվում է 1951-ից ի վեր: 2016-ին կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Կրակը ծովում» փաստագրական ֆիլմն Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների մասին: