18 սեպտեմբերի 2007 - 14:55 AMT
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը հավանություն է տվել Բնիկ ժողովրդների իրավունքների մասին հռչակագրին
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը 61-րդ նստաշրջանի վերջին նիստերից մեկում հավանություն է տվել Բնիկ ժողովրդների իրավունքների մասին հռչակագրին, որը կոչված է նոր խթան հաղորդել 370 մլն մարդկանց խնդիրների լուծմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Հռչակագրին հավանություն են տվել 143 պետություններ, չորս պետություն` Կանադան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան դեմ են քվեարկել եւ 11 երկիր ձեռնպահ է մնացել: Ձեռնպահների թվում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:

«Բնիկ ժողովրդներն իրենց ինքնորոշման իրավունքն իրականացնելիս ինքնավարության կամ ինքնակառավարման իրավունք ունեն ներքին եւ տեղական գործերին, ինչպես նաեւ
իրենց ինքնավար գործառույթների ֆինանսավորման ուղիներին եւ միջոցներին վերաբերող հարցերում»,-ասվում է Հռչակագրում: Փաստաթուղթը կոչ է անում պետություններին ապահովել այն արդյունավետ մեխանիզմները, որոնք թույլ կտան կասեցնել բնիկ ժողովրդներին իրենց հողերից, տարածքներից կամ ռեսուրսներից զրկելու, կամ նրանց վերաբնակեցմանն ուղղված ցանկացած գործողություն:

«Բնիկ ժողովրդները չեն կարող ստիպողաբար հեռացվել իրենց հողերից կամ տարածքներից: Ոչ մի տեղահանում չի կարող իրականացվել առանց բնիկ ժողովրդների ազատ, նախնական եւ գիտակցված համաձայնության...»,-ասվում է հռչակագրի առանցքային դրույթներից մեկում:

Բնիկ ժողովրդների մասին հռչակագիրն իրավական փաստաթուղթ չէ, ուստի եւ այն պարտադիր բնույթ չի կրի պետությունների համար եւ ոչ մի իրավական պարտավորություն չի սահմանի: Սակայն շատերն ընդգծում են, որ Գլխավոր վեհաժողովի կողմից հռչակագրի ընդունումը հսկայական բարոյական ուժ է տալիս նրան:

Հռչակագրում նշվում է, որ անդամ պետությունները մտահոգված են նրանով, որ բնիկ ժողովրդները դարձել են պատմական անարդարության զոհեր նրանց գաղթացման եւ հողերից զրկվելու պատճառով, հաղորդում է ՄԱԿ--ի մամլո ծառայությունը: