18 սեպտեմբերի 2007 - 15:42 AMT
Եթե Երեւանը ճանաչի ԼՂՀ-ն, դա հաղթաթուղթ կտա Բաքվին, որն անհապաղ ագրեսոր կհայտարարի Հայաստանին
«Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին ոչ այլ ինչ է, քան պոպուլիստական քայլ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննսիյանը, լինելով ՀՀ արտգործնախարար 1992 թվականին, նման հայտարարություններ չէր անում: Եթե Հայաստանը նման քայլի դիմի, դա հաղթաթուղթ կտա Բաքվին, որն անհապաղ ագրեսոր կհայտարարի Հայաստանին բոլոր միջազգային կազմակերպություններում»,-նշել է հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, ՀՀ-ն եւ Ղարաբաղը պետք է համատեղ աշխատեն երրորդ երկրների կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակային շրջանակներին` Լեւոն Մելիք-Շահնազարյանը նկատել է, որ 10-15 տարի անց Ադրբեջանը կդադարի հետաքրքրություն ներկայացնել Եվրոպայի համար որպես էներգառեսուրսների մատակարար: «Եվ այն ժամանակ ուժեղ Հայաստանը կարող է ստիպել համաշխարհային հանրությանը հաշվի նստել իր հետ»,-ընդգծել է նա:
Նշենք, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը: