19 սեպտեմբերի 2007 - 15:50 AMT
ՀՀ ԱԳՆ. Գերեզմանոցի ավերումը Բաքվում Նախիջեւանի հայկական խաչքարերի ոչնչացման քաղաքականության շարունակությունն է
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Բաքվի Նարիմանյան գերեզմանոցի ոչնչացման գործողությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, նման քայլը, լիովին տեղավորվելով այդ երկրի տարածքում հայկական մշակութային հուշարձանների, Ադրբեջանում հայերի ունեցած ավանդի, եւ հայերի թողած որեւէ հետքի բնաջնջման քաղաքականության տրամաբանության մեջ, «այսօր արդեն ոտնձգության դրսեւորում է Բաքվում բնակվող այլ համայնքների ներկայացուցիչների հիշողությունների եւ պատմության վրա: Դրա մասին է վկայում տեղի հայրենակցական միությունների եւ հասարակական կազմակերպությունների բողոքի այն ալիքը, որ բարձրացել է Ադրբեջանում գերեզմանների կամայական բնաջնջման հետեւանքով»,-ասել է նա:

Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն գնահատում է Նարիմանյան գերեզմանոցի քանդումը, որպես Հին Ջուղայի միջնադարյան հայկական պատմական հուշարձանների վերացման քաղաքականության շարունակություն: «Այստեղ իրենց մեղքի մասնաբաժինն ունեն նաեւ միջազգային կազմակերպությունները, որոնք արդեն շուրջ երկու տարի է ենթարկվելով Ադրբեջանի կողմից արհեստականորեն ստեղծվող խոչընդոտներին, վճռականություն չեն ցուցաբերում Նախիջեւան դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը:

Հիշեցնենք, որ Բաքվում ավտոմայրուղու շինարարության պատրվակով ավերվում է Նարիմանյան քրիստոնեական գերեզմանոցը, որտեղ հիմնականում թաղված են հայեր, հրեաներ եւ ռուսներ: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ կվերահուղարկավորեն շիրիմները, սակայն, դատելով Ինտերնետում զետեղված լուսանկարներից, այժմ այդ ամենը նման է մեծ կույտի: Լուսանկարների հեղինակների խոսքերով, բուլդոզերներն ուղղակի հողին են հավասարեցնում գերեամանները, հարազատներին հնարավորություն չտալով վերահուղարկավորել իրենց մերձավորների աճյունը: Իսկ վերահուղարկավորման համար գերեզմանոցի ղեկավարությունը հանգուցյալների հարազատներից 300 դոլար է պահանջում:

Ըստ իշխանությունների վարկածի, էքսգումացիան եւ եւ վերահուղարկավորումը կատարվում են անվճար հանգուցյալների հարազատների ներկայությամբ` ըստ նրանց էթնիկ եւ կրոնական ավանդույթների: Մինչդեռ, Հրեական նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի հրեական համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, «որոնք ստիպված էին անցնել նարիմանյան մղաձավանջի միջով», «հրեական անավդույթների կատարումն այդ տարածքում սահմանափակվում է նրանով, որ փորողները բահերով լցնում են հրեաների աճյունը պլաստիկ պարկերի մեջ եւ հանձնում հարազատներին»: