20 սեպտեմբերի 2007 - 14:28 AMT
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակիցների թիվը անշեղորեն աճում է
Սենատոր Փետտի Մյուրրեյը եւ կոնգրեսական Լաուրա Ռիչարդսոնը իրենց անուններն են հավելել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակիցների ցուցակին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA-ն: «Վաշինգտոնի, Կալիֆորնիայի եւ ողջ երկրի հայերը շնորհակալ են սենատոր Մյուրրեյին եւ կոնգրեսական Ռիչարդսոնին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը կողմնակից օրինաստեղծներին միանալու համար: Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսի անդամները կօգտվեն բարենպաստ իրավիճակից եւ կվերադարձնեն Ամերիկային ճիշտ ուղու վրա` արդարադատության եւ մարդու իրավունքների այս հիմնարար հարցում»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ն հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակը Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆն է: Ներկայումս բանաձեւին աջակցում են 226 կոնգրեսականներ: Նմանատիպ մի օրինագիծ ԱՄՆ Սենատ է ներկայացրել Սենատում մեծամասնության ղեկավարի օգնական սենատոր Դիկ Դուրբինը: Այդ փաստաթղթին սատարում է 32 սենատոր:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ 40 նահանգներ, Ամերիկայի մի շարք հրեական կազմակերպություններ, ԱՄՆ-ի ուկրաինական, հունական, լեհական, հունգարական, արաբական, բուլղարական, ռումինական, լատվիական, լիտվական, ֆիլիպինյան եւ սլովակյան համայնքները: