20 սեպտեմբերի 2007 - 17:28 AMT
Ջավախքի հայերին մտահոգում է այն, որ իրենց ճակատագիրը կախված է նախկին ինքնավարությունների հետ Վրաստանի ունեցած խնդիրներից
«Կարեւոր է, որ Սամցխե-Ջավախքի տարածքը հայերի կոմպակտ բնակության վայր է: Նրանց քանակն Ախալքալաքում հասնում է 90 տոկոսի, իսկ ընդամենն տարածաշրջանում` 55-60 տոկոսի: Տեղին է նշել, որ Վրաստանին միշտ են անհանգստացրել ջավախահայության «անջատողական» տրամադրությունները, որոնք չեն ընկալում Վրաստանը որպես իրենց հայրենիք»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, դա վերաբերում է լեզվին, կրթությանը, մշակույթին: «Վրաստանը փորձում է փոխել ժողովրդագրական իրավիճակը տարածաշրջանում, սակայն չի կարող դա անել: Մեսխեթցի թուրքերի, իսկ փաստացի ողջ մահմեդական բնակչության արտաքսումը 1944թ. արմատապես փոխեց Ջավախքի ժողովրդագրական իրավիճակը: Վրացական ԽՍՀ կառավարությունը առաջին իսկ ետպատերազմյան տարիներից սկսեց լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել, ուղղված այդ մարզի բնակեցմանը Վրաստանի ներքին շրջանների բնակիչներով` նպատակ ունենալով նվազեցնել հայ բնակչության գերակայությունն այդ տարածաշրջանում: Ընդ որում հարկ է նշել, որ Ջավախքի հայ բնակչության թվաքանակը, չնայած ծնելիության ավանադաբար բարձր մակարդակին (ամենաբարձրը աշխարհի հայերի շրջանում), գործնականում փոփոխություն չկրեց»,- նշել է հայ պատմաբանը:


Մինասյանը հիշեցրել է, որ 1990-ականների կեսերին Վրաստանի նախագահի հրամանագրով ստեղծվեց Սամցխե Ջավախքի շրջան վարչա-տարածքային միավորը, ուր մտավ նաեւ Բորժոմի շրջանը (1990 թթ. բնակչությունը կազմում էր 33,3 հազար մարդ, որից հայ էին ընդամենը 10 տոկոսը): «Ըստ Վրաստանի Սահմանադրության, որն ընդունվեց 1995թ. օգոստոսի 24-ին, վարչա-տարածքային բաժանումը կորոշվի միայն ողջ պետության տարածքում Վրաստանի իրավասության վերականգնումից հետո (հոդված 2, դրույթ 3): Մինչ աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորումը վարչական կառավարումն իրականացվում է ըստ 1994 թ. թիվ 237 հրամանագրի, ըստ որի պետության ղեկավարը սահմանել է «ռծմունեբելիների» ինստիտուտը (նախագահների լիազորները մարզերում): Սակայն նախագահների տարածաշրջանային լիազորների ինստիոտւտը, որոնց նաեւ անվանում են նահանգապետներ, Սամցխե-Ջավախքում, ինչպես եւ ողջ Վրաստանում, չունի համապատասխան օրենսդրական հիմնք: Ըստ էության, այդ ինստիտուտը սահմանադրական չէ եւ հիշատակվում է միայն իրավանորմատիվ փաստաթղթերում միայն 1998թվականից առանց համապատասխան իրավական հիմնավորման: Բացի այդ, Վրաստանի Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում երկրի վարչա-տարածքային բաժանման մասին, ուստի եւ չկա գործառույթների հստակ տարանջատում լիազոր եւ շրջանային իշխանությունների միջեւ: Հայ բնակչությանը մտահոգում է այն, որ նրա ճակատագիրը փաստորեն կախված է նրանից, որ Վրաստանը հստակորեն չի լուծել իր խնդիրները իր նախկին ինքնավարությունների հետ: Առավել եւս, որ այդ վարչա-տարածքային միավորը փաստորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, որը չի նախատեսում երկրում նման տարածքային բաժանում: Միաժամանակ Վրաստանի ներքին անկայունության պատճառով հանրապետությունից մեկնել է ռուս եւ ռուսալեզու բնակչության մեծամասնությունը, այդ թվում նաեւ կրոնական փոքրամասնությունները` մոլոկանները եւ դուխոբորները, որոնք կոմպակտ բնակվում էին Ախալքալաքում եւ Նինոծմինդայում: Նրանց մեծ մասը 1990-ական թթ. արտագաղթեց Ռուսաստան, իսկ մյուսը` Կանադա: Ավելի քան 3 հազար դուխոբորներից, որոնք բնակվում էին Ջավախքի 5 գյուղերում, այժմ մնացել է մեկ երրորդը: Մեկնող դուխոբորների բնակֆոնդի գնման գործընթացին ակտիվորեն միջամտում է վրացական «Մերաբ Կոստավայի հիմնադրամը» եւ «Ջավախքի վերածնունդ» կազմակերպությունը, որը կյանքի է կոչում Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի դրույթը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վրացաբնակ բուֆերի ստեղծման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, փորձ կատարվեց ստեղծել սվանների մի քանի գյուղեր, իսկ ավելի ուշ Վրաստանի կառավարությունը դուխոբորների Սպասովկա գյուղում վերաբնակեցրեց սողաքներից տուժած աջարների` Աջարիայի լեռնային շրջաններից: Եվ ամենակարեւորը` որքան շատ լինի ճնշումը հայերի վրա, այնքան վատ: Թբիլիսիի ճնշումը հակառակ ազդեցությունը կունենա»,- ընդգծել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ