25 փետրվարի 2017 - 15:27 AMT
Մինասյան. Ադրբեջանը հիմնական 3 պատճառով է լարում իրավիճակը

Ադրբեջանական կողմը երեք հիմնական պատճառով է դիմում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված իրավիճակի ստեղծմանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

«Ադրբեջանական կողմը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ լարված պահպանելով իրավիճակը, նման գործողությունների դիմելով, ցույց է տալիս հայկական կողմին և միջազգային կառույցներին, որ չի համակերպվում Արցախի շուրջ ստեղծված, պահպանվող քաղաքական իրականության հետ:

Երկրորդ պատճառը՝ իր սպառնալիքներին լրացուցիչ ուժ տալն է, երրորդը՝ նրանք սխալ հետևություններ են արել ապրիլյան պատերազմից հետո. կարծում են, որ նմանատիպ գործողություններով, մշտական փոքր քայլերով կարող են ինչ-որ դիրքեր, փոքր տարածքներ գրավել՝ այդպես առաջ շարժվելով», - պարզաբանեց Մինասյանը:

Փորձագետի կարծիքով, լայնամաշտաբ պատերազմի մասին դժվար թե կարող է խոսք գնալ, սակայն «ապրիլյան պատերազմի հետ համեմատելի իրադարձություններ բացառված չեն»:

Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները