ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ և կոչ արել հակամարտող կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով բախումների մասին վերջերս ստացված հաղորդագրություններով»,- ասել է նա՝ շեշտելով, որ Գուտերեշն ամբողջությամբ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը:
ԳՔ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել կողմերին հետ կանգնել ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել հրադադարի մասին համաձայնագրին, և առանց հապաղելու վերականգնել առարկայական բանակցությունները՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ավելի վաղ շփման գծում շարունակական խախտումների առթիվ իր մտահոգությունն է հայտնել նաևՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: