24 սեպտեմբերի 2007 - 15:38 AMT
Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը
Սեպտեմբերի 24-ին Հայաստան կժամանի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, այցի ժամանակացույցը բավականին հագեցած է: «Այցի ընթացքում Ռոբերտ Սիմոնսը կներկայացնի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նոր համակարգող, Լեհաստանի ներկայացուցիչ Զբիգնեվ Ռեպաչկիին: Երկրի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Ռ.Սիմոնսը կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի` IPAP իրագործմանը, ՀՀ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համագործակցության, ինչպես նաեւ խաղաղապահ եւ ՆԱՏՕ-ի այլ ծրագրերին Հայաստանի մասնակցության հարցերը»,-ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ մինչ Զ.Ռեպաչկիի նշանակումը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգողն էր Լատվիայի ներկայացուցիչ Ռոմուալդաս Ռաժուկսը: