28 փետրվարի 2017 - 11:11 AMT
Սաջադ Քարիմ. ԵԽ պատգամավորներին միջազգային հետախուզում հայտարարելը ողջունելի չէ

Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական գործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջադ Քարիմը: Նրա համապատասխան հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության և իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն:

Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որևէ տպավորություն, հետևաբար, ամբողջապես հիմնազուրկ է»,- շեշտել է Քարիմը:

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը և աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին և նման այցելությունների ժամանակ պարզ դարձնեն իրենց ոչ պաշտոնական, անհատական կարգավիճակը:

«Միջազգային հետախուզում հայտարարելն անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը:

Այն ինչ անհրաժեշտ է՝ Մինսկի խմբի գործընթացի վերաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին և շահագրգիռ պետություններին ներկայում տեւականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց և կենսապայմանների բարելավում: Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն և թափանցիկությամբ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով»,- ասել է նա՝ հավելելով, որ կարևորում են նաև ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ինչպես պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում:

Փետրվարի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստ տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկ կալանավորելու որոշում է կայացրել և իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով: