
Միջազգային հանրության կողմից հասցեական և կոշտ արձագանքը հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարևոր բաղադրամասերից մեկն է: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ փետրվարի 28-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունելիության ժամանակ:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հատուկ անդրադարձ է կատարվել փետրվարի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին:
Նախագահն այն որակել է որպես սադրիչ քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարևոր բաղադրամասերից մեկը:
Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։
Կարդացեք նաև՝ Ուորլիք. Պետք է իրավիճակը հանդարտեցնել, խաղաղությունն ամեն ինչ կփոխի