3 մարտի 2017 - 13:53 AMT
ԵՄ բոլոր երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը

Եվրամիության բոլոր 28 երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը, որով Ուկրաինայի քաղաքացիները կարող են 90 օրով մուտք գործել ԵՄ առանց մուտքի արտոնագրի:

ԵՄ անդամ պետությունների դեսպանները մարտի 2-ին հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ ոչ պաշտոնական համաձայնագրին, որը ձեռք էր բերվել փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի և ԵԽ Խորհրդի հետ: Այժմ այդ նորամուծությունը քվեարկության կդրվի Եվրախորհրդարանում, իսկ հետո կփոխանցվի Եվրոպայի խորհուրդ համապատասխան օրենք ընդունելու համար, գրում է Deutsche Welle-ն:

ԵՄ տարածք մուտք գործելու համար Ուկրաինայի քաղաքացիները պետք է կենսաչափական անձնագրեր ունենան:

Փետրվարի 27-ին Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը: «2017-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում»,-ասվում է որոշման մեջ:

ԵՄ Խորհուրդը նաև հավանություն է տվել երրորդ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմին: