27 սեպտեմբերի 2007 - 20:07 AMT
ՄԱԿ-ում ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը զուտ քաղաքական նպատակներ ունի
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգում ՎՈՒԱՄ նախաձեռնությամբ երկու հարց է ընդգրկվել. ադրբեջանական տարածքների այսպես կոչված հրդեհումների մասին եւ ԱՊՀ տարածքում առկա «սառեցված հակամարտությունների» մասին: Երկու հարցն էլ մնացել էին դեռ 61-րդ նստաշրջանում եւ հնարավոր է անցնեն հաջորդ նստաշրջան»,- Երեւանում լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, երկու հարցերն էլ զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում եւ ոչ մի կապ չունեն հարցերի իրական վիճակի հետ: «Հայաստանը, իր հերթին, ՄԱԿ-ում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացրել է Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման հարցը, սակայն ամեն անգամ առաքելությունների այցելությունը խափանվում էր ադրբեջանական կողմի մեղքով»,- ասել է Մարտիրոսյանը:

Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը նկատել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում «սառեցված հակամարտությունների մասին» բանաձեւի ընդունումը բացասական հետեւանքներ կունենա, հատկապես հակամարտության տվյալների նկատմամբ: «Ես գտնում եմ, որ ՎՈՒԱՄ երկրները ձգտում են համոզել համայն աշխարհին, որ նման բանաձեւերով ցանկանում են խնդիրները կարգավորել, սակայն կարծում եմ, որ նման քայլի դիմելուց առաջ նրանք պետք է լրջորեն +մտածեն հետեւանքների մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: