4 մարտի 2017 - 15:43 AMT
ՊԲ-ն Orbiter տեսակի ադրբեջանական անօդաչու է խոցել

Մարտի 4-ին ժամը 12:15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող Orbiter տեսակի անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասարթյանն իր ֆեյսբուքյան էջում։

Orbiter տեսակի անօդաչու թռչող սարքն արտադրում է Aeronautics Defense Systems իսրայելյան ընկերությունը:

«Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել: Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 380 կրակոց:

Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 9 արկ: