28 սեպտեմբերի 2007 - 17:42 AMT
Արտասահամանում հավատարմագրված հայ դիվանագետները մեկնել են Ղարաբաղ
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի բացման նիստը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարները: Հավաքի ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններն եւ հիմնական ուղղությունները, տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, առկա իրավիճակն ու նոր մարտահրավերները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացները: Օրակարգային հարցերի շարքում ընդգրկված էին այնպիսի հարցերի քննարկումներ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Հայաստան-Սփյուռք գործակցության խնդիրները: Հավաքի ընթացքում ի թիվս քաղաքական հարցերի քննարկվեցին տնտեսական համագործակցության խնդիրները եւ մշակութային դիվանագիտությունն ակտիվացնելու ուղիները:
Նիստից հետո հավաքի մասնակիցները հանդիպեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հավաքի շրջանակում սեպտեմբերի 28-ին հավաքի մասնակիցները մեկնեցին ԼՂՀ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: