28 սեպտեմբերի 2007 - 18:15 AMT
ՆԱՏՕ-ն դեմ է Ադրբեջանի ռազմական դոկտրինին եւ պահանջում է չճանաչել Հայաստանին` որպես թշնամի երկիր
ՆԱՏՕ-ն դեմ է հանդես գալիս Ադրբեջանի ռազմական դոկտրինին: Ռազմական դոկտրինի նախագիծը ուղարկվել էր Բրյուսել ծանոթանալու համար, սակայն ետ է վերադարձվել վերամշակման համար: Մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքը պահանջում է Ադրբեջանից չճանաչել Հայաստանին որպես թշնամի երկիր: Դաշինքը նաեւ ցանկանում է, որպեսզի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված որոշ փատաթղթեր կորցնեին իրենց ուժը: Այժմ ադրբեջանական կողմը հետազոտում է այդ առաջարկությունները, եւ առաջիկայում կարտահայտի իր կարծիքը դրանց շուրջ:

Իր հերթին, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալը, ՆԱՏՕ ԽՎ-ում արդբեջանական պատվիրակության ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը պատրաստ է եւ ներկայացվելու է քննարկման խորհրդարանի աշնանային նստաշրջանին: Նրա խոսքերով, ռազմական դոկտրինով նախատեսված չէ Ադրբեջանի հարձակումը ինչ-որ երկրի վրա, այն նախատեսում է Ադրբեջանի ռազմական հնարավորության հզորացում: «Դրան զուգահեռ, փաստաթուղթը Ադրբեջանին իրավունք է տալիս վերադարձնել Հայաստանի կողմից բռնազավթված տարածքները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությունը Ադբեջանին այլ ելք չի թողնում, քան Հայաստանին ճանաչել որպես իր գլխավոր թշնամի»,- ասել է Ասկերովը, հայտնում է «Կավկազսկի ուզելը»:

Նշենք, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում նշվում է, որ «Ադրբեջանի տարածքի բռնազավթումը Հայաստանի կողմից ամենամեծ սպառնալիքն է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ տարածշրջանային անվտանգության համար»: Ադրբեջանի հիմնական արտաքին սպառնալիքները, ընդգծվում է նախագծում, հանդիսանում են «տարածքային հավակնությունները ադրբեջանական տարածքների նկատմամբ, խառնվելը ներքին գործերին, Ադրբեջանի շահերի անտեսման փորձերը միջազգային անվտանգության խնդիրների կարգավորման ժամանակ, հակամարտությունների օջախների առկայությունը հանրապետության եւ նրա դաշնակիցների սահմաններին»: «Հիմնական արտաքին սպառնալիքներին Բաքուն մտադիր է վերագրել ռազմական խմբավորումների ստեղծումը, որոնք ի վիճակի են տարածաշրջանային ուժերի հավասարակշռության խախտում առաջացնել, ռազմական դաշինքների եւ միությունների ընդլայնումը, որոնց արդյունքում կարող է Ադրբեջանի անվտանգության սպառնալիք առաջանալ, ռազմական հարձակումը, տեղեկատվական գործնեության անցկացումը ի վնաս երկրի ռազմական անվտանգության, չապահովելով Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, օրինական շահերը երկրի սահմաններից դուրս, եւ , հասկանալի է, միջազգային ահաբեկչությունը»,- ասվում է «Վոեննո-պրոմիշլեննիյ կուրիերի» կողմից տարածված տեքստում: