29 սեպտեմբերի 2007 - 15:19 AMT
Վրաստանի բնակչությունը ոչ մի լավ բան չի սպասում մի դիկտատորի փոխարինումից մեկ ուրիշով
«Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները, որոնք մտնում են Միխայիլ Սահակաշվիլիի խմբի մեջ, այդ թվում խորհրդարանի հայ պատգամավորները, բնականաբար, հանդիսանում են Վրաստանի նախագահի կողմնակիցները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Թբիլիսիի հայ համայնքի առաջնորդ, «Համազգային Վրաստանի համաքաղաքացիական շարժում» միության նախագահ Արնոլդ Ստեփանյանը: Սակայն, նրա խոսքերով, սովորական ժողովուրդը, լինի դա հայ, ադրբեջանցի, կամ Վրաստանի ազգային փոքրամասնություններից որեւէ մեկի այլ ներկայացուցիչ, անխոս, հուսահատված է քաղաքականությամբ, որն այժմ վարում է Վրաստանի ղեկավարությունը: «Ռուսթավելի պողոտայում ցույցին հավաքված մարդիկ եկել էին ոչ թե ի պաշտպանություն Օկրուաշվիլիի, որը ոչնչով լավը չէ Վրաստանի նախագահից, այլ ի հակառակ Սահակաշվիլիի: Ավելի ստույգ տվյալներով, այնտեղ մոտ 4 հազար մարդ կար»,- ասել է Ստեփանյանը, հավելելով, որ «Վրաստանի բնակչությունը ոչ մի լավ բան չի սպասում մի դիկտատորի փոխորինումից մեկ ուրիշով»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն: Ժամանակին Օկրուաշվիլին համարվում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմ կողմնակիցներից մեկը, սակայն այս տարվա սեպտեմբերին հայտարարել է ընդդիմիություն անցնելու մասին, մի քանի սենսացիոն հայտարարություն է արել եւ նույնիսկ մեղադրել է նախագահին սպանության նախապատրաստման մեջ: