Գիտնականների միջազգային խումբը մանրամասներ է բացահայտել Նեանդերթալյան մարդու տարածաշրջանային սննդակարգերի վերաբերյալ: Մասնավորապես, մասնագետներն այն եզրակացության են եկել, որ հնադարյան մարդիկ օգտագործել են ասպիրինի և հակաբիոտիկների բնական նմանակները: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական հանդեսում:
Օրինակ, Նեանդերթալյան մարդիկ, որոնք բնակվել են ժամանակակից Բելգիայի տարածքում, որպես սնունդ օգտագործել են բրդոտ ռնգեղջյուրի և վայրի ոչխարի միս: Իսպանիայում ապրողները գերադասում էին մայրու սերմեր, մամուռ և սնկեր: Վերջիններս մոտ գիտնականները նաև ատամի կարիեսի հետ կապված այտուց են հայտնաբերել և ստամոքսի բորբոքում, գրում է Lenta.ru-ն:
Այդ ախտերի դեմ նեանդերթալյան մարդիկ պայքարել են ինքնաբուժությամբ՝ հակաբիոտիկներ արտազատող Penicillium մանրէների միջոցով, որոնք կային բարդու կեղևում, ճյուղերում և տերևներում: Այդ նույն բնական տարրերը պարունակում են նաև սալիցիլաթթու, որը ասպիրինի ակտիվ բաղադրիչն է:
Գիտնականները նաև վերծանել են ավելի քան 48.000 տարի առաջ նեանդերթալյան մարդու բերանի խոռոչում բնակվող օրգանիզմների ամբողջական գենոմը:
Նման եզրակցության են եկել մասնագետները, որոնք ուսումնասիրել են հնադարյան մարդկանց ատամնաքարը, որը պարունակում էր կենդանական և բուսական սննդի ԴՆԹ հետքեր: Հետազոտված նմուշները պատկանել են 5 էակի, որոնց մնացորդները հայտնաբերվել են Եվրոպայի 5 երկրի տարածքում:
Ատամնաքարում պահպանվում են սննդի մասնիկներ, բերանի խոռոչում բնակվող միկրոօրգանիզմներ և աղիստամոքսային և շնչառական համակարգերի մանրէներ: Քարացած լինելով՝ այն թույլ է տալիս իմանալ, թե ինչով են սնվել հնում մարդիկ ու կենդանիները: