10 մարտի 2017 - 11:16 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպանն ազատվել է պաշտոնից. Վարդան Տողանյանը` նոր դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել:

Նախագահը ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակել Վարդան Տողանյանին:

Օլեգ Եսայանը ծնվել է 1946-ին Սոս գյուղում: Հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին վարչապետ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան (2010-2017):

Վարդան Տեղանյանը ծնվել է 1967-ին Երևանում: «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է:

Տողանյանը 1974-1984թթ. սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում: Համալսարանում ուսանելու ընթացքում 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1988-1990թթ. հանդիսացել է Հայկական ուսանողական միության հիմնադիրներից մեկը: 1996-1997թթ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-2001թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:

1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: 1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական: 2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:

2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:

2013թ. ապրիլից մինչև 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Տողանյանը անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային: