13 մարտի 2017 - 16:53 AMT
Սարգսյանի հրամանագրով Իրաքյան Քրդստանում Հայաստանի հյուպատոսություն կբացվի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։

Որոշումն ընդունվել է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:

Մարտի 2-ին Գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Որոշման հիմնավորմամբ՝ հյուպատոսության ստեղծումը կնպաստի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմանը:

Փետրվարի 18-ինՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Զրուցակիցները քննարկել էին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր:

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել վերջին 5-6 տարվա ընթացքում, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով: